top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ֆրանսիական բոլոր միջուկային ռեակտորները ձմռանը կվերագործարկվեն. էներգետիկայի նախարար

Ֆրանսիայի էներգետիկայի նախարար Ագնես Պանիե-Ռյունաշեն ուրբաթ հայտարարել է, որ ֆրանսիական EDF էլեկտրաէներգետիկական հսկան պարտավորվել է վերագործարկել իր բոլոր միջուկային ռեակտորներն այս ձմռանը, որպեսզի օգնի երկրին հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, որը խորացել է Ուկրաինայի շուրջ իրավիճակով, տեղեկացրել է AP-ը։

Պանիե-Ռյունաշեն տեղեկացրել է, որ էներգետիկայի հարցերին նվիրված հատուկ նիստից հետո կառավարությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի «խուսափի էներգիայի օգտագործման սահմանափակիչ միջոցներից» ձմռան ցուրտ շրջանում։

Ֆրանսիան կօգտագործի ատոմային էներգիան էլեկտրաէներգիայի մոտ 67 տոկոսն (դա ավելին է, քան ցանկացած այլ երկրում) արտադրելու համար։

Ներկայում ֆրանսիական 56 միջուկային ռեակտորներից 32-ը, որոնք գործարկում է EDF ընկերությունը, կանգնեցվել են սովորական տեխնիկական սպասարկման եւ, որոշ դեպքերում, կոռոզիայի հետ կապված խնդիրները վերացնելու համար։

«Գոյություն ունի ժամանակացույց, որը նախատեսում է, որ հոկտեմբերից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ նոր (ատոմային) կայանը նորից կսկսի աշխատել»,- ասել է նախարարը։ Երեքշաբթի Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բոռնը նախազգուշացրել էր, որ այս ձմռան վատագույն սցենարը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի մշտական երկժամյա անջատումների ֆրանսիացիների տներում։

Կառավարությունը «ուշադիր կհետեւի» ատոմային կայանների վիճակին, որոնք տեղեկացրել են կոռոզիայի հետ կապված խնդիրների մասին։ EDF-ը սկսել է «միջոցներ ձեռնարկել, եւ նրանք պետք է հավաստիացնեն մեզ, որ ամեն բան ընթանում է այնպես, ինչպես նախատեսել են»,- ասել է Պանիե-Ռյունաշեն։

Հունիսին Ֆրանսիան ներկայացրել էր «էներգետիկ սթափության» պլան, որով նախատեսվում էր մինչեւ 2024թ. էլեկտրաէներգիայի օգտագործման 10 տոկոս կրճատում։

Այս միջոցն ընդունվել է այն մտավախությունների ֆոնին, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումները, եւ որ հեղուկացված բնական գազի ներմուծումը բավարար չի լինի Եվրոպայի էներգետիկ պահանջմունքները բավարարելու համար։

Պանիե-Ռյունաշեն ասել է, որ գազի ռազմավարական պաշարները երկրում համալրված են 92 տոկոսով։

Բացի այդ, այս ձմռանը կավելանա էլեկտրաէներգիայի եւ գազի առեւտուրը հարեւան Իսպանիայի եւ Գերմանիայի հետ, ասել է նա։

0 comments

Comments


bottom of page