top of page

Պրոկրաստինացիա․ այսօրվա գործը վաղվան մի՛ թող

  • Feb 29, 2024
  • 2 min read


Այսօրվա գործը վաղվան թողնելը, փաստորեն, հոգեբանական հիմքեր ունի։

Պրոկրաստինացիա․ հոգեբանության մեջ՝ անգամ կարևոր ու հրատապ գործերը հետաձգելու հակվածություն, որը հանգեցնում է կենսական խնդիրների ու ցավալի հոգեբանական ազդեցության։ 

Պրոկրաստինացիան այն է, երբ մարդը, գիտակցելով որոշակի կարևոր գործեր կատարելու անհրաժեշտությունը, արհամարհում է դրանք, ուշադրությունը կենտրոնացնելով ավելի կենցաղային գործերի կամ զվարճանքների վրա։ Պրոկրաստինացիան ծուլությունից տարբերվում է նրանով, որ ծուլության դեպքում անձը չի ցանկանում որևէ բան անել և չի անհանգստանում այդ առիթով, իսկ պրոկրաստինացիայի դեպքում, նա գիտակցում է աշխատանքի կարևորությունն ու հրատապությունը, սակայն չի անում դա՝ գտնելով տարբեր ինքնաարդարացումներ։

Պրոկրաստինացիայի առաջացման պատճառներից է ինքնակարգավորման ու մոտիվացիայի պակասը։

Ինչու՞ է մարդու գլխուղեղը այդքան ռեսուրս ծախսում իրականությունը ժխտելու և պատճառաբանություններ հորինելու համար, եթե այդ ռեսուրսների օգտագործումը միանգամայն բավարար կլիներ անհրաժեշտ աշխատանքը կատարելու ու ավարտին հասցնելու համար։

Գլխուղեղը պաշտպանում է բացասական հույզերից, և եթե որևէ գործ մարդու համար տհաճ է, ապա նա հակված է հետաձգելու այն, նույնիսկ եթե կարելի էր տվյալ գործը մի քանի րոպեում ավարտին հասցնել։

Այսպես է լինում նաև ոչ հստակ սահմանված նպատակների դեպքում, որովհետև գլխուղեղը, չտեսնելով հստակ ճանապարհը նպատակին հասնելու, հետաձգում է այն։ Կամ երբ մոտիվացիայի պակաս է լինում, այսինքն նպատակները կատարելու ներքին մղում չկա, «պետք է»-ների դասին պատկանող առաջադրանքները դժվար են իրականություն դառնում։

Մարդը դիմում է պրոկրաստինացիայի, նույնիսկ երբ մոտիվացիան ուժեղ է, որովհետև վախենում է ձախողելուց, բացասական գնահատական ստանալուց կամ քննադատության արժանանալուց։

Որո՞նք են պրոկրաստինացիայից խուսափելու մեթոդները։

Առաջինը ռեժիմի կառավարումն է։ Պրոկրաստինատորը հաճախ կորցնում է ժամանակի զգացողությունը, չի նկատում, թե ինչպես են անցնում օրերը։ Սա հատկապես դժվար է ազատ գրաֆիկ ունեցողների համար։

Տեղի կառավարում․ շատ կարևոր է աշխատանքի տեղի ընտրությունը։ Աշխատավայրն ու հանգստի տեղը պետք է նույնը չլինեն։

Պլանավորումը պրոկրաստինատորի սիրելի զբաղմունքն է, բայց նա դրանից հետո դժվար է անցնում գործողությունների կատարմանը։

Լավ տարբերակ է գործընկերների հետ պայմանավորվել որոշակի ժամանակահատված և փորձել անհրաժեշտ աշխատանքը կատարել միասին՝ թիմային ու ընկերական միջավայրը օգտագործելով՝ պրոկրաստինացիան հաղթահարելու համար։


Նյութի հեղինակ՝ Միլենա Սարգսյան


Comments


bottom of page