top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Չինաստանը եւ Ճապոնիան չորս տարում առաջին անգամ նստել են բանակցությունների սեղանի շուրջ

Չինաստանը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է Ճապոնիայի ռազմական պոտենցիալի ավելացումը, իսկ Տոկիոն քննադատել է Պեկինին Ռուսաստանի հետ ռազմական կապերի համար՝ իր կասկածները հայտնելով լրտես-օդապարիկների վերաբերյալ։ Այս մեղադրանքները հնչել են չորս տարում առաջին անգամ ասիական տերությունների միջեւ այսօր տեղի ունեցած բանակցություններում, տեղեկացրել է Reuters-ը։ Երկու երկրների միջեւ լարվածության թուլացմանն ուղղված բանակցությունները տեղի են ունեցել Տոկիոյի այն մտավախությունների ֆոնին, որ Պեկինն ուժի կդիմի, որպեսզի վերահսկողության տակ վերցնի Թայվանը։ «Իրավիճակը միջազգային անվտանգության ոլորտում զգալի փոփոխությունների է ենթարկվել, եւ մենք տեսնում ենք միակողմանի մոտեցման, պրոտեկցիոնիզմի եւ սառը պատերազմի մենթալիտետի վերադարձ»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Սուն Վեյդունը Տոկիոյում Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Սինգեո Յամադայի հետ հանդիպման սկզբում։ Հանդիպումից հետո հրապարակված հայտարարությունում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Ճապոնիան նաեւ ընդգծել է խաղաղության եւ կայունության կարեւորությունը Թայվանի նեղուցում։ Երկու երկրները պայմանավորվել են ուղիղ կապի թեժ գիծ ստեղծել գարնանը, ինչպես նաեւ զարգացնել երկխոսությունն անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ։ «Չնայած Ճապոնիայի եւ Չինաստանի հարաբերությունները բազմաթիվ հնարավորություններ ունեն, մենք բախվում ենք բազմաթիվ հարցերի եւ խնդիրների»,- ասել է Յամադան Sun-ի հարցազրույցում։ Նա նշել է իրենց տարածքային վեճը Արեւելաչինական ծովի անմարդաբնակ կղզիների առիթով, որոնք հայտնի են որպես Սենկակու Ճապոնիայում եւ Դյաոյույդաո Չինաստանում, Ռուսաստանի հետ Պեկինի՝ վերջերս տեղի ունեցած համատեղ զորավարժությունները եւ «կասկածելի չինական օդապարիկները, որոնք նկատվել են Ճապոնիայի երկնքում առնվազն երեք անգամ 2019-ից ի վեր»։ Ճապոնիան դեկտեմբերին հայտարարել է, որ հաջորդ հինգ տարիներին կկրկնապատկի պաշտպանության ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի 2 տոկոսին, ընդհանուր առմամբ 320 մլրդ դոլար, որպեսզի զսպի Չինաստանին ռազմական գործողություններից։ Պեկինը, որն անցած տարի պաշտպանական ծախսերն ավելացրել էր 7,1 տոկոսով, իր զինված ուժերի վրա ծախսում է չորս անգամ ավելի, քան Ճապոնիան, գրել է ԶԼՄ-ն։ Տոկիոն նախատեսում է մեծ հեռահարության հրթիռներ ձեռք բերել, որոնք կարող են խոցել մայրցամաքային Չինաստանը։ Չինաստանը Ճապոնիայի խոշոր առեւտրային գործընկերն է, երկրին բաժին է ընկնում նրա արտահանման մոտ հինգերորդ եւ ներմուծման մոտ քառորդ մասը։ Նա նաեւ խոշոր արտադրական բազա է ճապոնական ընկերությունների համար։ Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները խփեց չինական կասկածելի լրտես-օդապարիկը, Ճապոնիան անցած շաբաթ հայտարարեց, որ նախատեսում է ճշտել ռազմական փոխգործակցության կանոնները, որպեսզի իր կործանիչներին թույլ տա խփել իր օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերը։

0 comments

Komentar


bottom of page