top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հունվարից քաղաքաբնակ չաշխատող մայրերը ևս կստանան խնամքի նպաստ. Այն ավելացել է 3 հազար դրամով


Մինչեւ երկու տարեկան երեխաների նպաստի վերաբերյալ այսօրվա նիստում կարեւոր որոշում ենք ընդունել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ խնդրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել նախագիծը:

Վերջինս ասաց, որ դեռեւս այս տարվա հոկտեմբերի 26-ին «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, որով վերանայել են նպաստների չափերը. «Ըստ այդմ, 2023-ի հունվարի 1-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվող  եւ գյուղաբնակ ծնողներից բացի մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի  նպաստ կստանան նաեւ  քաղաքաբնակ չաշխատող մայրերը: Եթե երեխան ծնվել է 2023-ի հունվարի 1-ին կամ դրանից հետո եւ մայրը չի աշխատում, ապա ամսական կվճարվի 31 600 դրամ գործող 28 600 դրամի փոխարեն: Եթե մայրն աշխատում է, սակայն գտնվում է խնամքի արձակուրդում, կստանա 37 500 դրամ նպաստ, իսկ եթե մայրը որոշում է խնամքի արձակուրդից վերադառնալ աշխատանքի, կպահպանվի ամսական վճարը 31 600 դրամի չափով: Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողներն ամսական կտանան 69 100 դրամ, իսկ եթե վերադառնա աշխատանքի, կստանա 62 300 դրամ»,-ասաց նախարարը: Նա նկատեց, որ սա ժողովրդագրական նշանակություն ունեցող կարևոր նախագիծ է. «Կառավարության մեր ծրագրում առանձին դրույթ ունենք, որ պետք է շարունակենք բարելավել հնարավորությունները, որ ծնողները կարողանան և՛ աշխատանքի, և՛ երեխայի խնամքի նպաստը համատեղեն: Ըստ էության, 2023 թվականի համար մենք տրամադրում ենք 20 մլրդ 350 մլն դրամ գումար»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:

0 comments

Comments


bottom of page