ՀՀ ՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման արդյունքում մի շարք խնդիրներ են արձանագրվել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները սույն թվականի դեկտեմբերի 1-ին Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հոգեբուժական կազմակերպությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ոչ հոժարակամ և անգործունակ ճանաչված անձանց բուժման ընթացակարգերը, ինչպես նաև՝ հաստատությունում պահվող պացիենտներին առնչվող փաստաթղթերը: Հատուկ ուշադրություն է դարձվել նորաստեղծ մանկական բաժանմունքում երեխաների պահման պայմաններին և երեխաների նկատմամբ զսպման միջոցների կիրառման հետ կապված հարցերին: Մշտադիտարկման այցի ընթացքում հոգեբուժական կազմակերպությունում կորոնավիրուսային (COVID-19) վարակի հաստատված դեպքի արձանագրմամբ պայմանավորված՝ Կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքների մեթոդաբանությունը տեղում փոփոխվել է, աշխատանքներն իրականացվել են համաճարակային կանոնները պահպանելու հատուկ ընթացակարգով: Ստուգվել են կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և այլն: Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկներ և հոգեբան, այն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ և չափիչ սարքերի օգտագործմամբ (տարածություն, ջերմություն և այլն): Այցի արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները. կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ, առկա է բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն, տեղաշարժման հետ կապված դժվարություններ ունեցող անձանց պահանջմունքներին համապատասխան հարմարեցված ֆիզիկական միջավայրի բացակայություն, բժշկական փաստաթղթերի վարման հետ կապված խախտումներ կամ այդ փաստաթղթերի ոչ պատշաճ վարում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներ, հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ, որոնք ողջ երկրում ունեն համակարգային բնույթ և շարունակ լուծում չեն ստանում՝ հանգեցնելով մարդու սահմանադրական իրավունքների կոպիտ խախտումների, այլընտրանքային, ոչ դեղորայքային բուժման մեթոդների կիրառման բացակայություն, կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման տեսանկյունից արձանագրվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հոգեբուժական կազմակերպություն այցելուների մուտքի ժամանակ պաշտպանիչ միջոցների կիրառման, ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման և այլն, երեխաների համար նախատեսված բաժանմունքում՝ զսպման միջոցների կիրառման հետ կապված խնդիրներ, տարբեր սեռի երեխաներին նույն հիվանդասենյակում պահելու հետ կապված խնդիր, կանանց բաժանմունքում՝ հեռախոսակապի հասանելիության խնդիր, հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններին առնչվող խնդիրներ և այլ։ Ողջունելի է հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման նոր մեխանիզմների ներդրումը, որը նպաստել է նրանց աշխատավարձի բարձրացմանը, սակայն դեռևս պետք է քայլեր ձեռնարկել հոգեբույժների թափուր հաստիքները համալրելու ուղղությամբ, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների, կարողությունների և հմտությունների զարգացման ուղղությամբ: Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին: Մշտադիտարկման այցի ընթացքում հոգեբուժական կազմակերպության տնօրինությունն ու բժշկական անձնակազմը ակտիվ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ և աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել:
Opmerkingen