Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցները ծանոթացել են լաբորատոր սարքավորումներին
Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցներն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել են լաբորատոր սարքավորումներին, որոնք կիրառելու են քննության գործնական փուլի ընթացքում:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նրանց ներկայացվել են լաբորատոր սարքավորումների տեխնիկական բոլոր հնարավորությունները, քննասենյակները:
Կենսաբանության միջազգային օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով՝ տեսական և գործնական:
Հուլիսի 12-ին տեղի կունենա գործնական փուլը, որն ունի փորձարարական բնույթ և անցկացվելու է չորս՝ կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա, կենսաինֆորմատիկա ուղղություններով: Քննության տեսական փուլը կանցկացվի հուլիսի 14-ին։
Օլիմպիադայի քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Յուրաքանչյուր մասնակցի տրվելու է 7 ժամ. օլիմպիականները քննության ընթացքում համացանցի հասանելիություն չեն ունենա:
Մարզահամերգային համալիրում լաբորատոր սարքավորումներին ծանոթանալուց հետո տեղի է ունեցել օլիմպիադային մասնակցող աշակերտական թիմերի լուսանկարվելու արարողությունը:
Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով. երեք մասնակից` «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից:
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր. յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:
Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի անդամներն աշխատելու են գաղտնիության պայմաններում` գիտական օլիմպիադաների քննական ընթացքը ապահովելու համար մշակված հատուկ ծրագրով։
Հիշեցնենք, որ Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային Հայաստանը մասնակցում է 2009 թվականից: Հայաստանից մինչ օրս օլիմպիադային մասնակցել է 35 աշակերտ: Միջազգային օլիմպիադան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Ծրագիրը համակարգում է ԵՊՀ-ն:
コメント