Իսրայելը եւ Լիբանանը, որոնք տեխնիկապես պատերազմի մեջ են, համաձայնության են եկել
Իսրայելի Գերագույն դատարանը ճանապարհ է հարթել Լիբանանի հետ ծովային սահմանի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման համար այն բանից հետո, երբ մերժել է բողոքներն այն մասին, որ համաձայնագիրը պահանջում է խորհրդարանի հաստատումը: Փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի այս շաբաթավերջին, հայտնում է AFP լրատվական գործակալությունը։ Իսրայելը եւ Լիբանանը, որոնք տեխնիկապես պատերազմի մեջ են, այս ամսվա սկզբին ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնության են եկել՝ իրենց ծովային սահմանի վերաբերյալ սահմանազատման գործարքի պայմանների շուրջ, քայլ, որը, հավանաբար, առիթ կհանդիսանա միջերկրածովյան գազի հանքերից արդյունահանման մեկնարկի համար: Չորս աջակողմյան իսրայելական խմբավորումներ դեմ են արտահայտվել գործարքին՝ ասելով, որ վարչապետ Յաիր Լապիդը զիջում է Իսրայելի «ինքնիշխան» տարածքը, ինչը պահանջում է խորհրդարանի հաստատումը: Իսրայելում նոյեմբերի 1-ին ընտրություններ են անցկացվում, եւ վերոնշյալ խնդրագրերում նաեւ հիմնավորվում է, որ ընտրական ժամանակահատվածում չպետք է զիջման համաձայնագրեր կնքվեն։ Սակայն, Իսրայելի բարձրագույն դատարանի երեք դատավորներից կազմված մարմինը՝ կիրակի օրը կայացրած որոշմամբ մերժել է գործարքի դեմ բոլոր փաստարկները, ինչը նշանակում է, որ Լապիդի թիմը կարող է վերջնական հավանություն տալ համաձայնագրին: Իսրայելական եւ լիբանանյան հաղորդագրությունները նշում են, որ ստորագրումը տեղի կունենա այս շաբաթ, եւ երկու պետությունների պաշտոնյաները կստորագրեն համաձայնագիրը տարբեր վայրերում: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հենց որ Միացյալ Նահանգները ծանուցում ուղարկի՝ հաստատելով, որ ստացել է իրենց առանձին հավանությունները Լիբանանից եւ Իսրայելից: Այնուհետեւ երկու պետությունները ՄԱԿ-ին կհանձնեն ծովային սահմանի կոորդինատները։ Պայմանագրով Իսրայելը լիակատար իրավունքներ ունի Քարիշ գազի հանքավայրի նկատմամբ, որում մի քանի շաբաթվա ընթացքում նախատեսվում է սկսել գազի արդյունահանումը։ Լիբանանը լիարժեք իրավունքներ կունենա՝ շահագործելու եւ հետազոտելու, այսպես կոչված, Քանա կամ Սիդոնի ջրամբարը, որի որոշ հատվածներ գտվում են Իսրայելի տարածքային ջրերում, մինչդեռ հրեական պետությունը որոշակի եկամուտ կստանա։ Աջ ընդդիմության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն, ով ընտրություններից հետո կարող է վերադառնալ վարչապետի պաշտոնին, զգուշացրել է, որ Լիբանանի հետ համաձայնագրի պայմաններն իրեն չեն պարտավորեցնի:
Comments