Ժամանակն է՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն առանց հապաղման դիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ
Ժամանակն է, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն առանց հապաղման նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը, և դիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Ինչպես շատերդ արդեն գիտեք, այսօր Ստեփանակերտից դեպի հարավ, Ղայբալու կոչվող տարածքում (ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում), թշնամու դիվերսիոն խումբը կրակ է բացել հայկական ոստիկանական մեքենայի վրա, որի արդյունքում ոստիկանության երեք սպաներ զոհվել են, մեկը ծանր վիրավոր է:
Մեր ոստիկանները դիմադրություն են ցույց տվել թշնամուն, նրանց հետագայում միացել են մոտակա դիրքերում գտնվող հայ զինծառայողները, արդյունքում թշնամին մարտի դաշտում մոտ 8-10 զոհ է թողել: Թշնամական պրոպագանդան արդեն սկսել է ոռնոցը, պահանջելով Պաշտպանության բանակի զինաթափում, և սպառնալով նոր մարտական գործողություններ սկսել Արցախի քաջարի ժողովրդի դեմ:
Կարծում եմ, որ ժամանակն է, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն առանց հապաղման նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը, և դիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ: ՄԱԿ Միջազգային արդարադատության դատարանի որոշումից արդեն երկու շաբաթ է անցել, թշնամական պետությունը, փորձելով ամեն գնով խուսափել նրա որոշումը կատարելուց, գնում է հնարավոր և անհնարին բոլոր սադրանքներին: Մենք պետք է կանխենք դա, և դերև հանենք թշնամու բոլոր փորձերը՝ զինաթափելու և արդյունքում հայաթափելու Արցախը:
Մինչ այդ, իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկանների հարազատներին, և զորակցությունը Պաշտպանության բանակին, որը աննկարագրելի բարդ պայմաններում շարունակում է կատարել մեր ժողովրդի պաշտպանության իր կարևորագույն առաքելությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5–ին առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:
Comments