ԵԱՏՄ-ի երկրներում կայուն աճի հնարավորությունները քիչ են. ռուս փորձագետ
Կայուն աճի հնարավորությունները Եվրասիական տնտեսական միությունում շատ քիչ են։ Այս մասին «Եվրասիական տնտեսական միության տնտեսական անվտանգությունը եւ կայունությունը. պետության եւ բիզնեսի հնարավորությունները» միջազգային համաժողովում, որն ընթանում է Երեւանում նոյեմբերի 17-ին, ասել է Ռուսաստանի ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենի խորհրդական Անտոն Մոսկալենկովը։ Ներկա ճգնաժամը, նրա գնահատմամբ, կարելի կլինի հաղթահարել մի քանի տարի հետո, բայց ԵԱՏՄ-ի երկրներում այն ավելի խոր կլինի, քան այլ երկրներում։ «Հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում կազդի եվրասիական ինտեգրման վրա, բայց գլոբալ բնույթ կունենա»,- ընդգծել է նա։ Մոսկալենկովն ավելացրել է, որ այս տարվա աշխարհաքաղաքական իրադարձությունների սթրես-թեստը Ռուսաստանի եւ սահմանակից երկրների տնտեսություններն անցել են։ Փորձագետը միաժամանակ նշել է, որ ներկա գնաճն ամբողջ աշխարհում հենվում է պարենային գնաճի վրա, ինչը հարվածում է ԵԱՏՄ-ի ոչ հարուստ երկրներին։ Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Ռուսաստանը։
Comments