ԱԻՆ-ը Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդին առաջարկություններ է ներկայացրել
Տեղի է ունեցել Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 20-րդ նիստը: Մասնակցել են ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ բոլոր երկրներից: ԱԻՆ-ից հայտնում են, որ Խորհրդի նիստի նպատակն է ԱՊՀ մասնակից պետություններում կարգավորել շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներում անվտանգության ապահովման օրենսդրական դաշտը, իրականացնել մեկ միասնական քաղաքականություն, համատեղ մշակել և սահմանել միջազգային նորմերին համապատասխան անվտանգության պահանջներ, ներդնել նոր տեխնոլոգիաներ, կիրառել կանխարգելիչ միջոցառումներ՝ տեխնածին վթարները, արտադրական դժբախտ դեպքերը և պատահարները նվազեցնելու նպատակով: Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը ներկայացրել է 2022 թվականի հունվարից մինչ այսօր կատարված աշխատանքները։ Քննարկվել է տեխնիկական անվտանգության ոլորտի բարեփոխումներին վերաբերող առաջարկությունների կանոնակարգերը, որն ավելի վաղ հաստատվել էր ՀՀ կառավարության կողմից: ՊՈԱԿ-ի տնօրենը հավելել է, որ ընթացքի մեջ է վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնների և հրագործական արտադրատեսակների պահման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոնների մշակումը: Արդյունաբերական անվտանգության խորհրդի նիստն ամենամյա է, այս տարի նախագահող երկիրը Ղազախստանն է:
Comments