Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը
![](https://static.wixstatic.com/media/32d91f_00537665773447e893e6155d386b6b60~mv2.jpg/v1/fill/w_460,h_694,al_c,q_80,enc_auto/32d91f_00537665773447e893e6155d386b6b60~mv2.jpg)
Սեպտեմբերի 25-ին՝ արվեստագետի ծննդյան օրը, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Ե. Թադևոսյանի անվանական սրահի բացումը նկարչի ծննդավայր Վաղարշապատում ունի բացառիկ նշանակություն 19-րդ դարավերջի-20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման գործում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ ժանրային բազմազանությամբ, ոճական ու ձևաբանական բազմակերպությամբ աչքի ընկնող ցուցահանդեսում ընդգրկված է տարբեր տարիներին և բազմաթիվ շրջագայությունների ընթացքում տարբեր երկրներում ստեղծած շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանք Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, որոնց թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ «Քրիստոսը և փարիսեցիները», «Արարատը», «Մեր փողոցը Վաղարշապատում» և այլն:
Ցուցադրության կարևոր մաս են կազմում էտյուդներն ու գծապատկերները, թանգարանի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներն ու պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարները:
![](https://static.wixstatic.com/media/32d91f_ac277c790abf4a2cae40bb653ce202d0~mv2.png/v1/fill/w_618,h_280,al_c,q_85,enc_auto/32d91f_ac277c790abf4a2cae40bb653ce202d0~mv2.png)
Comments