PR տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են քաղաքական երկու ուժերի կողմից. Աստղիկ Ավետիսյանը վերլուծում է
Updated: May 15, 2021
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ընտրություններն արտահերթ են և պաշտոնական քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր, բնականաբար, քաղաքական ուժերը չեն կարողանա այդքան կարճ ժամանակում հրավիրել հասարակության ուշադրությունը: Հենց դա էլ շտապողականության է մղում։ Այս մասին Anews.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական PR ասոցիացիայի» նախագահ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ Աստղիկ Ավետիսյանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, որը կարծես ավելի վաղ է սկսվել:
«Հատկապես իշխող կուսակցությունը շատ ավելի վաղ սկսեց քարոզարշավային ելույթները և բոլոր հնարավոր լծակներն օգտագործում է առաջիկա ընտրարշավի տեսանելությունը բարձրացնելու և հիասթափված շերտին հետ վերադարձնելու համար»,- նշեց PR մասնագետը:
Ըստ նրա` մայիսի 9-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքը գրագետ էր կազմակերպված՝ և՛ դաշինքի ստորագրման արարողությունը, և՛ քայլերթը դեպի Ազատության հրապարակ, և՛ բուն հանրահավաքը: «Դաշինքի վիզուալ հաղորդակցությունը ևս գրագետ էր, լոգոն, որի նշանը մեծության և առաջընթացի գաղափարաբանություն է կրում, իսկ ձևավորումը դասական մինիմալիստական էր, ինչպես նաև դաշինքի ստորագրման և ելույթի սրահում գրագետ օգտագործված էին պետական արարողակարգի դրույթներն ու պետական խորհրդանիշները: Մայիսի 9-ին իրականացնելը ևս ուղերձ էր պարունակում՝ մի կողմից հաղթանակի օրը խոսում են ապագա հաղթանակի մասին, մյուս կողմից մայիսի 9-ը տարիներ շարունակ տոնվում էր, որպես Շուշիի ազատագրման օր, իսկ հարթակում գտնվողներից շատերն անմիջական ներգրավվածություն են ունեցել Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի կերտման գործում»,- հավելեց նա:
Աստղիկ Ավետիսյանի կարծիքով, կարգախոսը ևս հաջողված է՝ «Դեպի ուժեղ Հայաստան», մի կողմից առավել քան երբևէ, այսօր հանրությունը զգում է ուժեղ Հայաստանի կարիքը, քանի որ կան անվտանգության խնդիրներ, մյուս կողմից` անձնապես Ռոբերտ Քոչարյանն ասոցացվում է ուժի հետ:
«Երկար ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նման զանգվածային շփում չէր ունեցել, քայլերթը ցուցադրեց հաղորդակցության ձգտումը, հասարակության հետ երկխոսելու անհրաժեշտությունը: Ռոբերտ Քոչարյանի խոսքը հակիրճ էր, հումորային սկիզբ ուներ, որը դարձրեց խոսքն ավելի անկեղծ: Ըստ էության` հանրահավաքը Ռոբերտ Քոչարյանի տրիումֆն էր»,- շեշտեց հայկական PR ասոցիացիայի նախագահը:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է այցելում մարզեր՝ հասարակության հետ շփումն իրականացնելով հանարհավաքային ձևաչափով, Ավետիսյանն ասաց. «Արդարության համար նշենք, որ երկու իրադարձությունները չի կարելի համեմատել, որովհետև մի կողմից հանրահավաք էր և դաշինքի ձևավորման հայտի բարձրաձայնում, մյուս կողմից հերթական աշխատանքային այց էր, որն, իհարկե, ծառայեցվեց նախընտրական քարոզչություն իրականացնելու համար: Փաշինյանի կինետիկ իմիջն այդպես էլ չմշակվեց, չկանոնակարգվեց, վերջին շրջանում վերբալ իմիջն ու կինետիկ իմիջը հակասում են միմյանց, այնինչ պետք է փոխլրացնեին՝ անհանգիստ շարժումներն ու վարքագիծը տագնապայնություն են մտցնում խոսքում: Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանության եկավ հուզական ֆոնի ներքո և նախորդ երեք տարիների ընթացքում փորձ արեց պահպանել հուզականությունն ու ազդեցիկությունը, ինչը ապահովում է որոշակի լսարան: Քանի որ մարդիկ նույնիսկ տեսնելով սխալներ և հիասթափվելով` չեն ցանկանում գիտակցել սեփական սխալը, ցանկանում են մեղավոր դասել ուրիշներին, ինչի արդյունքում, անգամ ակնհայտ ստի դեպքում, տեսնում ենք որոշակի հետևորդների զանգված, դրան գումարվում են նաև սոցիալական ցանցերում ներգրավված կեղծ օգտատերերը, այստեղ պետք է հիշել, որ ֆեյսբուքյան իրականությունն ամենևին էլ չի արտացոլում իրական իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը կորցրեց մեծ լսարան, որովհետև հասարակության հետ հաղորդակցությունը գրագետ չկազմակերպվեց: Իր ելույթներում հնչած քննադատությունը` տարբեր ոլորտներին առնչվող, որևէ կերպ չբարեփոխվեց, այլ ընդհակառակը` ստացվեց, որ ապատեղեկատվության տարածումն ու սուտը դարձան իշխանության կառավարման կացութաձև: Նիկոլ Փաշինյանի ելույթները պոպուլիստական են: Նա ասում է այն, ինչ ուզում է լսել իր առջև կանգնած հանրությունը, գտել է նախկիններին մեղադրելու ոսկե բանաձևը, որի արդյունավետ կիրառումը տեսնում ենք վերջին երեք տարիների ընթացքում»:
Ըստ Ավետիսյանի` Ռոբերտ Քոչարյանը ներկայանում է պետական գործչի ավանդական կերպարում, դիրքավորվում որպես հակառակ բևեռ, հավասարակշռված խոսք ունի և հնչեցված ուղերձ, որն է` արժանապատիվ խաղաղություն, մերժում է ռևանշիստական մոտեցումներն ու թուլությունը, արտահայտում իր հետևորդների սպասելիքները:
Փաշինյանի դեպքում հակառակն է, հագուստը անմիջականությունն է ցուցադրում, բայց սա էլ նպաստեց նրան, որ հասարակությունն այդպես էլ վերջինիս չընկալեց որպես պետական գործիչ: Միևնույն ժամանակ իմիջոլոգիայի տեսանկյունից չի խրախուսվում հագնել ընդգծող հագուստ, որն ի ցույց է դնում մարմնի «բարեմասնությունները», իսկ պաշտոնական հագուստ կրելիս պետական պաշտոնյան պետք է հետևի էթիկայի և արարողակարգի կանոններին, ինչը հաճախ խախտվում է Փաշինյանի կողմից:
«Մենք գործ ունենք երկու տարբեր բնույթի և ոճի քաղաքական գործիչների հետ, որոնք մեկը մյուսին չեն կարող ընդօրինակել»,- հավելեց «Հայկական PR ասոցիացիայի» նախագահը:
Հարցին, թե ինչպես կազմակերպել քարոզարշավը, ինչ տեխնոլոգիա կիրառել, Աստղիկ Ավետիսյանն ասաց. «Պետք է հաղորդակցվել: Քոչարյանի պարագայում ունենք 10 տարվա լռություն, և երկար ճանապարհ` հաղորդակցվելու լռությունից հետո, պատասխանելու և բացատրելու նախկին գործունեության և ապագայի տեսլականի մասին հարցապնդումներին, իսկ Փաշինյանը հանդես է գալիս, որպես իշխող դաշինքի ներկայացուցիչ և առաջին հերթին պետք է պատասխանի չկատարված աշխատանքի և վերջին արհավիրքների մասին հնչող հացադրումներին՝ առանց «նախկինների երգի»»:
תגובות