Գիտելիքն ընդհանրապես չգնահատել անհնար է. փորձագետ
- Anews
- Aug 27, 2022
- 2 min read

Կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի մասին։
Աշակերտների անբավարար գնահատման շեմից հրաժարվելու դեպքում ուսուցիչները կարող են ընդհանրապես ուշադրություն չդարձնել այն երեխաներին, որոնք չեն ջանում իրենց առաջադիմության մեջ և գիտելիքներ ձեռք չեն բերում, ուստի նման աշակերտների հետ չեն աշխատի, և նրանք պարզապես մեխանիկորեն կփոխադրվեն դասարանից դասարան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Ծաղկաձորում օգոտոսի 17-18-ը տեղի ունեցած «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ նոր չափորոշիչով նախատեսվում է էապես բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, ուսումնական գործընթացը դարձնել առավել երեխայակենտրոն, իրականացնել բեռնաթափում, ինչի արդյուքում իրենք հրաժարվում են հանրակրթական դպրոցներում անբավարար գնահատման շեմից։ «Չի կարելի ասել, որ որևէ դպրոց գնահատման համակարգ չունի, պարզապես այդ համակարգերը տարբեր են, որովհետև ինչ-որ կերպ անհրաժեշտ է գնահատել այն գիտելիքները, հմտությունները, փորձն ու կարողությունները, որոնք փոխանցվում են աշակերտներին։ Երբ շրջանավարտները պատրաստվում են բուհ ընդունվել, նրանցից փաստաթղթեր վերցնելու հետ մեկտեղ պահանջվում է գիտելիքների ստուգում, ինչը վկայում է գնահատման համակարգի կարևորության մասին։ Գնահատման համակարգը կարող է տարբեր լինել, բայց գիտելիքն ընդհանրապես չգնահատել անհնար է»,- ասել է կրթական հարցերի փորձագետը։ Ըստ նրա` անբավարար գնահատման շեմից հրաժարվելու նախաձեռնությունը գուցեև դրական է այն առումով, որ երեխաները նույն դասարանում չեն մնա և նույն ծրագիրը երկրորդ անգամ չեն կրկնի, ինչպես խորհրդային տարիներին էր, սակայն դրան զուգահեռ կունենանք անգրագիտության մակարդակի ավելի բարձրացում և անհետևողական վերաբերմունք հատկապես այն երեխաների նկատմամբ, որոնք ուսման մեջ թերանում են։ Ըստ փորձագետի` կառավարության մակարդակով անընդհատ փոփոխություններ են կատարվում` ամրագրելով գնահատման տարբեր համակարգեր, ինչն առաջացնում է քաոսային իրավիճակ մեր հանրակրթության ոլորտում։ «Երեխաները գոնե նվազագույն գիտելիքներ կունենան, եթե լինի դրանց ստուգման նվազագույն շեմը հաղթահարելու անհրաժեշտություն, բայց եթե դա չկա, ուրեմն ավելի վատ է լինելու»,- ասել է Մխիթարյանը։ Նրա դիտարկմամբ` քայլերը կատարվում են ընդհանուր խորապատկերը հաշվի չառնելով, դրանք դրվագային են, ինչը բերելու է կրթության կազմակերպման տարբեր մակարդակներում անհասկանալիության, հետևաբար որևէ դրական բանի չի հանգեցնի։ Ըստ նրա` կարելի է ընտրել գնահատման որևէ համակարգ, ուղղակի դա պետք է ներդրվի ամբողջ կրթական համակարգում քայլ առ քայլ` հաշվի առնելով բոլոր թեր և դեմ կողմերը։ «Անընդհատ փորձարկումներից հետո երբ տեսնում են, որ նախաձեռնությունը չի աշխատում, նորից ինչ-որ բան են փոփոխում, և արդյունքում ստացվում է խառնիճաղանջ իրավիճակ գնահատման համակարգում, որը վերջին հաշվով բերում է կրթության որակի շարունակական անկման` ինչի ականատեսը եղանք ընդունելության վերջին քննությունների արդյունքները տեսնելով»,- նշել է կրթական հարցերի փորձագետը։ Նրա համոզմամբ` քանի որ հնարավոր չէ որևէ կերպ ազդել երեխայի ուսումնառության վրա, ուստի ստացվում է, որ նա դասերին այցելելու է ձևականորեն, և ձևական բնույթ կարող է կրել ողջ կրթական համակարգը, եթե գնանք բացասական գնահատականները վերացնելու ճանապարհով։
Bình luận