Հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
Այսօր հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է. ծնվել է 1880 թվականին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում:
«Հին Թիֆլիսի սրճարաններից մեկում, որտեղ հավաքվում էր հայկական մտավորականությունն ու քննարկում ազգափրկության հարցեր, մի օր Մարտիրոս Սարյանը հանդիպում է նրան, ով պետք է դառնար նկարչի մուսան ու կիսեր նրա ճակատագիրը: Նա Ղազարոս Աղայանի դուստրն էր` Լուսիկ Աղայանը: Աղջկան սիրահարվեց առաջին հայացքից։ Նա Սարյանի համար դարձավ կանացի կատարյալ գեղեցկության մարմնացում:Նկարիչների շարքում Սարյանը միամուսնության բացառիկ օրինակ է: Իր կնոջը նա նկարում էր ողջ կյանքի ընթացքում` առաջին կտավներում երիտասարդ Լուսիկն է, հետո արդեն սիրելի կինն առօրյա կյանքում է։ Նա նկարում էր Լուսիկին քնած, գիրք կարդալիս, տան գործերն անելիս, հեռախոսով զրուցելիս, նույնիսկ լվացք անելիս: Նա հիանում էր կնոջ գեղեցկությամբ, պաշտում նրան ու գնահատում մինչև մահ: Փարիզից նա կնոջը գրում էր. «Դու հերոս ես, ուրիշ կին չէր կարողանա իր ուսերի վրա տանել պատասխանատվությունը երեխաների համար, ու նաև ամուսնուն երկար ժամանակով Փարիզ թողնել` անգամ իմանալով, թե որքան կարևոր է դա նրա կարիերայի համար» (Հայաստանի Ազգային գրադարան)»։
Սարյանն ավարտել է Նոր Նախիջևանի քաղաքային հայ-ռուսական հանրակրթական ուսումնարանը: Արդեն դպրոցական տարիներին նրա նկարչական հաջողությունները խրախուսվել էին գովասանագրերով: Դպրոցն ավարտելուց հետո Սարյանն աշխատանքի է ընդունվում փոստային գրասենյակ: Այստեղ ազատ ժամերին նա ամսագրերից պատկերներ էր վերանկարում և գրասենյակ եկող հետաքրքիր մարդկանց ճեպանկարներ էր անում: Սարյանի ավագ եղբայր Հովհաննեսը, քաջալերելով Մարտիրոսի հետաքրքրությունը, նրան ծանոթացնում է իր բարեկամ նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտ Ա. Արծաթբանյանի հետ: Գնահատելով պատանու բնատուր օժտվածությունը՝ Արծաթբանյանը Մարտիրոսին պատրաստում է ընդունելության քննությունների:
1897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող: 1901–1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդել է արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը:
1911 թվականին Եգիպտոս (Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր) կատարած ուղևորությունը հարստացրել է Սարյանի արվեստը նոր աշխատանքներով, որոնք դարձան նրա ինքնատիպ ոճի վառ արտահայտումները:
1911 թվականի աշնանը Հռոմի ժամանակակից արվեստի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված Սարյանի նոր աշխատանքները մեծ հետաքրքրքություն առաջացրին գեղարվեստի աշխարհում: Սակայն նկարչի ստեղծագործության հետագա զարգացումը ընդհատվել է հայ ժողովրդի ողբերգական իրադարձություններով:
Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծել է ծանր ապրումներից հետո, դա կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր:
1918–1919 թվականներին Սարյանը ընտանիքով ապրում է Նոր Նախիջևանում: Նկարիչը դառնում է Ռոստովի հայկական գավառագիտական թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը:այաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ա. Մյասնիկյանի հրավերով 1921 թ. Սարյանն ընտանիքով տեղափոխվում է Երևան` մշտական բնակության: Այստեղ նա հիմնում է հնագիտության, ազգագրության, կերպարվեստի պետական թանգարան, մասնակցում է Երևանի գեղարվեստի ուսումնարանի և կերպարվեստի աշխատողների ընկերության կազմակերպմանը: 1922 թվականին Սարյանի էսքիզներով ստեղծվում են Սովետական Հայաստանի զինանշանն ու դրոշը:Իր արվեստում Սարյանն այս շրջանում ձգտում է պատկերել Հայաստանն իր շոշափելի գոյությամբ Նկարիչը ուղևորություններ է կատարում Հայաստանի տարբեր շրջաններ, ստեղծում իր աշխատանքները բնության գրկում: Այդ տարիներին Իտալիայում ապրող հայ մեծն անաստեղծ Ավետիք Իսահակյանը, որը հետագայում դառնում է Սարյանի մտերիմ ընկերը, «Հայրենիք» թերթում (Փարիզ, 5 օգոստոսի, 1924թ.) տպագրում է մի հոդված, որտեղ նկարչի արվեստը գնահատում է, որպես հայ մշակույթի զարգացման համար պատմական խոշոր նշանակության երևույթ: 1925 թ. Մարտիրոս Սարյանին շնորհվում է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում:
1950–60ական թվականներին Սարյանը նկարում է նաև այլ ժամանակակիցների, ոչ այնքան խոշոր, բայց մտածող և իրենց ժամանակի ողջ դրամատիզմը ապրող մտավորականների:
1966 թվականին Մ. Սարյանը ստանում է Հայաստանի ԽՍՀ Պետական մրցանակ: Լույս է տեսնում նկարչի «Գրառումներ իմ կյանքից» հուշերի գիրքը (սկզբից հայերեն, ավելի ուշ հրատարակվեց 4 լեզվով): 1967 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում բացվում է Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը: Անհատական ցուցահանդեսներ է ունենուման Ռումինիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում:
Մարտիրոս Սարյանը վախճանվել է 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին:
Comments