top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երբ խելացի կանայք ակտիվանում են, հայրիշխանական հասարակությունն ուզում է լռեցնել. Աստղիկ Ավետիսյան

Updated: Mar 17, 2023


Կանանց մեկ ամսյակն այն ժամանակահատվածն է, երբ կնոջ դերն ավելի է կարևորվում ցանկացած ոլորտում, իսկ քաղաքականության մեջ կանանց դերը մշտապես քննարկվողներից է, իսկ կարծիքները՝ ծայրահեղ տարբեր։ Թեմայի վերաբերյալ «Փաստ» լրատվականը հարցեր է ուղղել Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանին:

- Տիկի՛ն Ավետիսյան, կանանց մասնակցությունը քաղաքական կյանքին ի՞նչ դրական և բացասական կողմեր ունի։

- Քաղաքական գործընթացներում ներգրավվածները հանրային կյանքում ակտիվ քաղաքացիներն են, որոնք կարող են օրակարգ ստեղծել, ազդել որոշումների կայացման վրա, հանրային կարևորագույն հարցերին լուծումներ տալ և արտաքին աշխարհի հետ փոխհարաբերություններ ձևավորել: Քաղաքականությամբ կին կզբաղվի, թե տղամարդ՝ կարևոր չէ, կարևորն արդյունքն է: Բայց Հայաստանում քաղաքականության մեջ ներգրավված կանայք երբեմն միայն ֆոն ապահովելու համար են, որովհետև Հայաստանում որոշումները կայացնում են միայն տղամարդիկ: Երբ խելացի կանայք ակտիվանում են, հայրիշխանական հասարակությունն ուզում է լռեցնել, կասեցնել, վարկաբեկել, ցավոք սրտի, առաջամարտիկը դառնում են հենց կանայք: Հայաստանում ընտրական գործընթացներում կինը կնոջը չի ընտրում, շատերն ասում են՝ ֆեմինիզմը մեր տունը կկործանի, բայց իրենք էլ չեն հասկանում, թե այդ ֆեմինիզմն ինչ է նշանակում: Հայաստանը կարիք ունի մոր խնամքի, մոր հոգատարության, մոր կառավարման: Մայրն ամենակարող է, բայց մայրն ուժեղ է, երբ իր կողքին ունի խելացի, աջակցող ամուսին: Երբ հասարակությունը կընկալի, որ ընտանիքում կարևոր են և՛ կինը, և՛ տղամարդը, կհասկանա, որ յուրաքանչյուրն ունի իր դերը, իր գիտելիքը, իր տարածությունը, հարցերը լուծելու մեթոդներն ու բանաձևերը: Եվ, երբ հարգվում են և՛ կնոջ, և՛ տղամարդու գաղափարները, մասնագիտական որակները, այդժամ մենք հայտնվում ենք պրոֆեսիոնալ հարթակում: Իսկ քաղաքական որոշում կայացնելու համար շատ կարևոր են կանանց և տղամարդկանց հավասար կարծիքները, դրանք փոխլրացնում են, ուժեղացնում են կայացված որոշումները: Հայաստանում պետք է կոտրվեն կարծրատիպեր՝ կինը կարող է լինել հրաշալի մայր, հրաշալի կառավարիչ, հրաշալի մասնագետ, հրաշալի տանտիկին և հրաշալի կին իր տղամարդու համար: Սա միայն հպարտանալու առիթ կարող է տալ: Այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, և այս պայմաններում կանանց դերակատարումը պետք է մեծանա: - Եթե քաղաքը, համայնքը կառավարվի կնոջ կողմից, ապա ի՞նչ էլեմենտներ կարող են ի հայտ գալ, որը հատուկ է կնոջը։ - Գիտեք, յուրաքանչյուր տուն մտնելուց մենք շատ արագ գլխի ենք ընկնում՝ այդ տանը կին կա՞, թե՞ չկա: Յուրաքանչյուր ամուսնացած տղամարդու վարքագծին հետևելուց միանգամից հասկանում ենք՝ նրա կողքին իրեն արժանի կի՞ն է, թե՝ կործանող: Սա կյանք է և կյանքում ամեն ինչ հնարավոր է: Երբ ուսանող էի, մի օր ճանապարհորդում էինք և Իջևան քաղաքում մի քիչ շրջելուց հետո հարցրեցի՝ տեսնես ու՞մ շնորհիվ է Իջևանն այդքան սիրուն, մեր ընկեր իջևանցին շատ արագ պատասխանեց՝ Ջեմմա Անանյանի: Այդ ժամանակ նա Իջևանի շրջխորհրդի գործկոմի նախագահն էր, քաղաքը մաքուր էր, գեղեցիկ… Ես այդ օրվանից հասկացա, որ սեռը կարևոր չէ, կարևորը մոտեցումն է: Մենք սովոր ենք բարձր պաշտոններում տեսնել միայն տղամարդկանց, որովհետև կարծում ենք, որ կանայք չեն կարող որևէ բան անել, բայց կանանց պետք է տալ հնարավորություն, որպեսզի բացահայտեն իրենց, բայց բարձր պաշտոններ չպետք է զբաղեցնեն անփորձ, անգիտելիք ո՛չ տղամարդիկ, ո՛չ կանայք: Ես վստահ եմ, որ փորձառու, խելացի և հավասարակշիռ կանայք, որոնք հաջողել են կյանքի մի քանի ոլորտներում, հրաշալի կարող են կառավարել քաղաքը, համայնքը:

- Երևանի ավագանիում մշտապես եղել են կին գործիչները, նրանց դերը քաղաքի զարգացման գործում ի՞նչ ազդեցություն է ունեցել։

- Լավ հարց եք հնչեցնում, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում, թե իրեն ով պետք է ներկայացնի Երևանի ավագանիում: Այնտեղ եղել են բազմաթիվ կանայք, որոնք բարձրաձայնել են այնպիսի խնդիրների մասին, որոնց մասին տղամարդիկ սովորաբար լռել են: Իրեն հարգող յուրաքանչյուր ավագանի պետք է մտածի քաղաքի զարգացման, ենթակառուցվածքների գրագետ աշխատանքի, հասարակության հետ գրագետ հաղորդակցման մասին: Ավագանիում ներգրավված են եղել ներուժ ունեցող կանայք, սակայն հաճախ էլ տեսել ենք որևէ դերակատարություն չունեցողների։Վերջին տարիներին որևէ հարց բարձրաձայնող կանանց միշտ համարել են էքսցենտրիկ, ուշադրություն հրավիրող կանայք, որովհետև ավագանու անդամները, քաղաքապետերն ու պաշտոնակատարները համարում են, որ իրենք ինչ անում են, ճիշտ են անում, և եթե որևէ բանի մասին պետք է խոսեն ավագանու կին անդամները, միայն պետք է աջակցեն կամ լռեն: Սա հնչում է գրեթե բոլորի ուղերձներում: Վերցրեք ավագանու նիստերը և ուշադիր լսեք ելույթները: Դրանք շատ խոսուն են: - Հայտարարվում է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում մասնակցելու է նաև Մանե Թանդիլյանը, ում հասարակությունն արդեն կառավարման մեջ տեսել է։ Ի՞նչ եք կարծում, հաջողելու դեպքում ինչպիսի ղեկավար կլինի։

- Ողջունելի է, երբ այս իրավիճակում խելացի կանայք այնքան ուժ են գտնում իրենց մեջ, որ որոշում են կայացնում մասնակցել քաղաքական գործընթացներին: Մանե Թանդիլյանը ճանապարհ անցած կին է, խելացի է, հավասարակշիռ, որևէ արտառոց բան չեմ տեսել, որը կխանգարի նրան քաղաքական միջավայրում կայանալ: Կին գործիչն ունի առավելություն, նա իր տան նման կվերաբերվի քաղաքին, որտեղ կարող են շահել բոլորը: Եթե լավ թիմ հավաքի, ստեղծի խորհրդատուների ինստիտուտ, ապա կհաջողի:

- Ինչպե՞ս կգնահատեք Մանե Թանդիլյանի մրցակցային հնարավորությունները։

- Այստեղ իմ դեմքը մեղմորեն ժպտում է, ինչու, որովհետև արդեն կա մեկ թեկնածու, որն արդեն վաղուց սկսել է իր քարոզարշավը՝ օգտագործելով վարչական լծակներն ու ԶԼՄ-ները: Դեռ չգիտենք, թե էլ որ քաղաքական ուժերը կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, բայց մի բան հստակ է, բոլոր մասնակիցները պետք է ունենան Երևան քաղաքը զարգացնելու իրենց պլանը, տեսլականը, զարգացման գործիքներն ու ֆինանսական աղբյուրների ներգրավվման համակարգը, բյուջեի գրագետ կառավարման նախագիծը և այլն, և այլն:

Երևանցին այս անգամ պետք է ընտրի ոչ թե էմոցիոնալ և անմտածված, այլ՝ տեղեկացված լինելով, նախընտրական ծրագրերը քննարկելով, տարբեր հարթակներում թեկնածուների դիրքորոշումներին ծանոթանալով: Երևանցին այս անգամ չպետք է սխալվի: Աննա Ավետիսյան

0 comments

Comments


bottom of page