Հայ ժողովուրդն ու կառավարությունը հարգանքով ու սիրով են վերաբերում քրդերին. քուրդ գործիչ
Region Monitor-ը Հայաստան-Իրաք, հայ-քրդական հարաբերությունների և հարակից այլ հարցերի շուրջ զրուցել է Քուրդ-Հայկական բարեկամություն կազմակերպության ղեկավար Հեմն Մամ Ռաշի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը. Հարց: Հայ-քրդական հարաբերությունների դինամիկան վերջերս ակտիվացել է: Հայաստան-Իրաք Բարեկամության խումբն իր հերթին նպաստում է այս գործընթացին: Ինչպե՞ս եք դուք գնահատում հայ-քրդական հարաբերությունները, և, ըստ Ձեզ՝ երկկողմ համագործակցության խորացման ճանապարհին ինչպիսի՞ խոչընդոտներ կան: Պատասխան: Շնորհակալություն մեզ ընձեռած հնարավորության համար։ Իրականում քուրդ և հայ ազգերը նույնն են, երկուսն էլ մեկ արմատից են սերում, որն արիականն է։ Եթե ետ նայենք մեր պատմությանը, ապա կտեսնենք, որ երկու կողմերի միջև շատ ընդհանրություններ կան՝ լեզուն, մշակույթը, պատմությունը, արվեստը և շատ այլ երևույթներ: Ես վստահ եմ, որ եթե մանրակրկիտ հետազոտություն իրականացվի, երկու ազգերի ընդհանրություններն առավել ակնհայտ կդառնան, որոնցից մի քանիսը մինչ այժմ կենդանի են մնացել: Լեզվում կան շատ ընդհանուր բառեր, որոնք միևնույն իմաստն ունեն, օրինակ՝ Paneer, tarkhon, hazar, Azad և այլն: Վերջին 100 տարում ժողովրդական որոշ մեղեդիներ ու երգեր են եղել, որոնք դժվար է տարբերակել քրդերի ու հայերի միջև, քանի որ դրանք շատ մոտ են իրար: Ժողովրդական բանահյուսությունն ու հին հայկական հագուստները նման են քրդականին, իսկ աշխարհագրական ու ժողովրդագրական առումով քրդերն ու հայերը միասին ապրել են ընդհանուր կամ հարակից տարածքում, իսկ որոշ շրջաններում դժվար է եղել նրանց միջև տարբերակում դնել: Գալով պատմության նոր փուլ՝ անցած հարյուր տարվա ընթացքում, երկու ժողովուրդներն էլ բախվել են ողբերգությունների նույն ճակատագրին: Քսաներորդ դարասկզբին մեր հայ եղբայրները կոտորվեցին Օսմանյան կայսրության կողմից: Արդյունքում ավելի քան մեկուկես միլիոն հայեր կոտորվեցին, իսկ միլիոնավոր մարդիկ տեղահանվեցին: Մենք՝ որպես քրդեր, նույնպես բաժանվեցինք չորս երկրների (Թուրքիա, Իրան, Իրաք և Սիրիա) 1916 թվականի Սայքս-Պիկոյի համաձայնագրով Առաջին համաշխարհային պատերազմում հաղթող երկրների կողմից՝ առանց մեր համաձայնության։ Մենք տարբեր ձևերով բախվեցինք ցեղասպանության, որի նպատակն էր մաքրել քրդական ռասան այս երկրների կողմից՝ զրկված լինելով բոլոր իրավունքներից և ազատություններից։ Հենց միայն 1980-ականների վերջին Իրաքյան Քուրդիստանում երկու տարվա ընթացքում 182,000 կին, երեխա, ու տարեց ցեղասպանություն է ենթարկվել, ավելի քան 6000-ը սպանվել է քիմիական զենքի հետևանքով, իսկ Քուրդիստանի ավելի քան 5000 գյուղ ավերվել է։
Սրանք քրդերի և հայերի ընդհանրությունների մի մասն են։ 2013 թվականի ապրիլին, երբ ես ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Մերիվուդ համալսարանի մագիստրատուրայի ուսանող էի, ինչպես նաև Քրդական-Միջազգային երիտասարդական կազմակերպության նախագահը, հրավեր ստացա Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնություն (FYCA) մեր ընկերոջից այցելել Հայաստանի Հանրապետություն: FYCA-ում իմ ընկերների հետ համագործակցության և համատեղ աշխատանքի քննարկումներից բացի՝ մենք նաև գաղափար ունեինք ստեղծել համատեղ կազմակերպություն քուրդ և հայ ազգերի միջև՝ մշակութային հարաբերությունների առավել ամրապնդման և համագործակցության համար։ Այս գաղափարը պարոն Ատոմ Մխիթարյանի և տիկին Նազինե Խալաֆյանի հետ քննարկել ենք երկու տարի, մինչև որ 2015 թվականին հիմնադրեցինք Քուրդ-Հայկական Բարեկամության Կազմակերպությունը՝ KAFO-ն։ Այս յոթ տարիների ընթացքում մենք համատեղ զանազան գործունեություն ենք ծավալել։ Ամեն տարի ապրիլի 24-ին Երևանում մենք մեծ պատվիրակությամբ մեր հայ եղբայրների հետ մասնակցում ենք Հայոց ցեղասպանության տարելիցի արարողությանը։ Մենք Հայաստանից ակադեմիկոսների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, փորձագետների ենք հրավիրում Իրաքյան Քուրդիստանի շրջան՝ տարբեր փառատոնների և միջոցառումների մասնակցելու համար: Այդպիսով մենք փորձում ենք ամուր կամուրջ կառուցել համալսարանների և ակադեմիական կենտրոնների միջև: Մենք միշտ քաջալերում ենք քուրդ ուսանողներին հաճախել հայկական բուհեր։ Իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի քան 600 քուրդ ուսանող հայաստանյան բուհերում գիտական տարբեր աստիճաններ է ստացել։ Մենք ունենք բազմաթիվ այլ ծրագրեր, որոնցից մի քանիսն անցած տարիներին չկարողացանք իրականացնել՝ գլոբալ առողջապահական իրավիճակի (Covid-19), այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի պատճառով: Իսկ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս պատերազմը ևս մեկ խոչընդոտ էր մեր համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհին: Հարց: Ինչպես գիտենք, անցյալ տարի փետրվարի 24-ին Էրբիլում բացվեց ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Իսկ վերջերս Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել մեծացնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները: Այս իրողություններն ինչպիսի՞ հեռանկարներ կարող են ստեղծել Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության խորացման համար: Պատասխան: Մենք երկար ժամանակ շատ լրջորեն աշխատել ենք Հայաստանի պետական պաշտոնյաներին զգուշացնելու Քուրդիստանում հյուպատոսություններ բացելու անհրաժեշտության ուղղությամբ։ 2015 թվականին ես այցելեցի Բաղդադում Հայաստանի դեսպանատուն, հանդիպեցի այդ ժամանակ Իրաքում Հայաստանի դեսպան պարոն Կարեն Գրիգորյանի հետ, և մենք քննարկեցինք այս հարցը: Այնուհետև հաջորդ տարիներին Իրաքում Հայաստանի նոր դեսպան պարոն Հրաչյա Փոլադյանի հետ մի քանի անգամ հանդիպել ենք Էրբիլում և ընդգծել դա։ Հայաստան կատարած մեր բոլոր այցերի ընթացքում պաշտոնյաների և խորհրդարանականների հետ մեր հանդիպումների ժամանակ քննարկվել է Իրաքյան Քուրդիստանի շրջանում հյուպատոսություններ բացելու անհրաժեշտությունը։ Թվում է, որ նրանք էլ նման ցանկություն ունեին, իսկ այդ հարցը կարևոր էր մի շարք պատճառներով, այդ թվում՝ Քուրդիստանի շրջանում հայկական մեծաթիվ բնակչության առկայության պատճառով՝ ի համեմատ Իրաքի այլ շրջանների, ինչպես նաև Քուրդիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական, մշակութային և առևտրային հարաբերությունների հետագա զարգացման համար: Բարեբախտաբար, 2021 թվականի փետրվարի վերջին Քուրդիստանում բացվեց Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Այն անմիջական ազդեցություն ունի երկու կողմերի հարաբերությունների հետագա բարելավման վրա, քանի որ ունի շատ ակտիվ գլխավոր հյուպատոս պարոն Արշակ Մանուկյանին և իր աշխատակազմի բոլոր անդամներին: Վերջին 20 ամիսների ընթացքում երկու կողմերի մի քանի բարձրաստիճան պատվիրակություններ են այցելել միմյանց՝ ավելի լայն հեռանկար բացելով Հայաստանի և Իրաքյան Քուրդիստան շրջանի միջև առևտրի զարգացման համար: Զգալիորեն աճել է նաև Քուրդիստանից Հայաստան մեկնող զբոսաշրջիկների թիվը, քանի որ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը Քուրդիստանի շրջանում վիզաների վարչություն է բացել: Վստահ եմ, որ ավելի շատ ջանքեր են գործադրվում մշակութային, բիզնես ոլորտի, համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ, և լավ ծրագրեր կան երկու կողմերի մշակույթին ծառայելու համար: Հարց: Իրաքում խորհրդարանական ընտրությունները կայացել էին դեռևս նախորդ տարի հոկտեմբերին: Սակայն, ինչպես գիտենք, մոտ մեկ ամիս առաջ է Աբդուլ Ռաշիդ Լատիֆն ընտրվել Իրաքի նախագահի, իսկ Մուհամմադ Շիա Ալ Սուդանին էլ՝ վարչապետի պաշտոնում: Ձեր կարծիքով՝ ներքաղաքական գործընթացներն ինչպե՞ս են ազդում հայ-քրդական հարաբերությունների վրա: Պատասխան: Քուրդիստանի շրջանի քաղաքական համակարգը Իրաքի սահմանադրության շրջանակներում է գործում: Այն դաշնային շրջան է։ Իրաքում քաղաքական բոլոր շարժումներն ու իրավիճակներն ուղղակիորեն առնչվելու և ազդելու են քաղաքական ողջ գործընթացի վրա, քանի որ իրաքյան բնակչության սոցիալական կառուցվածքը տարբեր ազգերի, կրոնների և աղանդների խառը միքս է: Միևնույն ժամանակ աշխարհագրական և աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Իրաքը նաև տարածաշրջանային և միջազգային խաղացողների միջև հակամարտությունների կենտրոնն է, ուստի անհրաժեշտ է մանրակրկիտ զբաղվել դիվանագիտական հարաբերություններով։ Կարծում եմ, որ Իրաքի միջազգային և դիվանագիտական հարաբերություններում ցանկացած փոքր սխալի դեպքում վճարելու է ողջ իրաքցի ժողովուրդը: Ինչ վերաբերում է Իրաքին և Հայաստանին, կարծում եմ, որ հարաբերությունները շատ լավ են և լավ առաջընթաց են գրանցել, որը թեև կարող է նման չլինել մեր որոշ հարևան երկրներին։ Իրաքի և Հայաստանի խորհրդարանների միջև տարիներ շարունակ բարեկամության խմբեր են գործում։ Խորհրդարանի վերջին փուլում Իրաքի խորհրդարանի կողմից խմբի ղեկավարը քուրդ պատգամավոր էր, և այս փուլում էլ խմբի ղեկավարը քուրդ պատգամավոր է: Հայաստանի խորհրդարանում պարոն Ռուստամ Բաքոյանը եզդիներին ներկայացնող խմբի ղեկավարն է, ով մեր մտերիմ ընկերն է Քուրդ-հայկական բարեկամության կազմակերպությունից (KAFO) և ընդհանրապես քրդերի մտերիմ բարեկամը, շատ ակտիվ անձնավորություն: Նա ցանկանում է ծառայել Հայաստանի և Իրաքի հարաբերությունների բարելավմանը՝ մասնավորապես Հայաստանի և Քուրդիստանի միջև։ Արդյունավետ ջանքեր են ձեռնարկվում առևտրաշրջանառության մակարդակը բարձրացնելու, Իրաքի և Հայաստանի համալսարանների միջև համագործակցությունն ընդլայնելու և համատեղ գեղարվեստական ու մշակութային գործունեությունը մեծացնելու ուղղությամբ։ Հարց: Արդեն մի քանի տարի է՝ հակաահաբեկչական պայքարի քողի ներքո Թուրքիան պարբերաբար խախտում է Իրաքի սահմանները՝ անկայունություն ստեղծելով ողջ տարածաշրջանի համար։ Ինչպես ե՞ք գնահատում Թուրքիայի նման գործելաոճը սահմանափակելու հնարավորությունները, միջոցները։ Պատասխան: Թուրքիան արդարացումներ է փնտրում, այլապես Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքար կոչված ոչինչ էլ չկա։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) պատրվակով երկար տարիներ հարձակվել է Քուրդիստանի սահմանների վրա, ռմբակոծել սահմանները, գյուղերն ու քաղաքացիական այլ վայրերը, սպանել հարյուրավոր մարդկանց և վիրավորել տասնյակների։ Այն հիմնել է բազաներ, շտաբներ և ռազմական ճամբարներ Քուրդիստանի և Իրաքի տարբեր վայրերում: Քուրդիստանի սահմանը Իրաքի դաշնային սահմանի մի մասն է։ Իսկ մտնելով Սիրիայի տարածք՝ դա այլ երկրի ինքնիշխանության խախտում է: Դե, դա PKK-ի վրա հարձակվելու պատրվակով է և դա պետք է որ իրականցվի Իրաքյան Քուրդստանի շրջանում և Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում: Իսկ ի՞նչ կասեք Լիբիայի, Պաղեստինի, «Արաբական/Պարսից» ծոցի երկրների, աֆրիկյան երկրների գործերին միջամտելու մասին: Ի՞նչու է այն սպառնում Կիպրոսին և Հունաստանին: Այնտեղ PKK չկա, հետևաբար սրանք բոլորն էլ անհիմն արդարացումներ են: Էրդողանի երազանքն է նորովի վերականգնել Իսլամական խալիֆայությունը և Օսմանյան կայսրությունը, նա երազում է ընդլայնել իշխանությունը։ Ներկայում Թուրքիայի տարեկան բյուջեում նրանք խորհրդանշորեն մի քանի հարյուր թուրքական լիրա են սահմանել Մոսուլի պետական բյուջեի համար, քանի որ Մոսուլը դեռ համարում են Թուրքիայի մի մասը և կարծում, որ այն օկուպացված է, մինչդեռ Մոսուլը Իրաքի մաս է կազմում 1916 թվականից՝ ըստ Սայքս-Պիկոյի համաձայնագրի։ Այս խախտումները պետք է սահմանափակվեն, միջազգային հանրության դժգոհությունը չպետք է լինի միայն հայտարարությունների, բանավոր և լրատվամիջոցներում արտահայտվող բողոքի շրջանակներում: Պետք է գործողություններ ձեռնարկվեն Թուրքիայի դեմ, պատժամիջոցներ՝ երկրների ինքնիշխանության խախտման, միջազգային պայմանագրերի, մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարման համար։
Հարց: Եվ վերջում, ինչպիսի՞ խնդիրների է այսօր բախվում Հայաստանում բնակվող քրդական համայնքը: Պատասխան: Ավելի քան հարյուր տարի է, ինչ քրդերն ապրում են Հայաստանում, և ահա, թե ի՞նչ է պատմում մեզ պատմությունը և ինչ ենք մենք լսում Հայաստանում բնակվող քրդերից՝ հայ ժողովուրդն ու կառավարությունը հարգանքով ու սիրով են վերաբերում քրդերին: Չպետք է մոռանալ քրդերեն լեզվով հնագույն ռադիոներից մեկը Երևանի հանրային ռադիոյի քրդերեն բաժինն էր: Երևանում լույս տեսավ քրդական երկրորդ ամենահին թերթը՝ «Rêya Taze» անունով, իսկ «Zara» անվանումը կրող քրդական ամենահին ֆիլմը դարձյալ ստեղծվել է Հայաստանում: Այս ամենը հարգանքի ու ներդաշնակության դրսևորում են քրդերի և հայերի միջև, ինչը մեզ հուշում է, որ քրդերն ու հայերը միասին ապրել են որպես երկու էթնիկ ազգեր։ Քրդերի և հայերի սոցիալական հարաբերություններն այնքան ամուր են, որ երբեմն դժվար է լինում առանձնացնել քրդին և հային: Երկու կողմերից շատ ընտանիքներ են ամուսնացած և ունեն հարազատներ: Ուրախ եմ Հայաստանի խորհրդարանում ներկայացնող երկու մարդու տեսել. մեկը՝ քուրդ ներկայացուցիչ Կնյազ Հասանովը, իսկ մյուսը՝ եզդիների ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, ով քրդերի բարեկամն է: Երկուսն էլ միասին աշխատում են քրդերի և եզդիների համար։ Այստեղ՝ Քուրդիստանի շրջանում, ապրում են մեծ թվով հայեր՝ հայ եղբայրների և քույրերի ժառանգներ, ովքեր Քուրդիստանի շրջան են եկել 1914-1916 թվականներին ցեղասպանության վախից։ Այժմ նրանք իրենց ներկայացուցիչն ունեն՝ որպես Քրդստանի խորհրդարանի անդամ։ Կան դպրոցներ, նրանք սովորում են հայերեն, ազատորեն կատարում են իրենց կրոնական և սոցիալական բոլոր ավանդույթներն ու արարողությունները։ Մենք հպարտ ենք այս պատմությամբ՝ լի սիրով, եղբայրությամբ, ներդաշնակությամբ, միասնությամբ և համակեցությամբ: Մեր մեծ երազանքն է ընդլայնել և ամրապնդել մեր միջև եղած եղբայրությունը, սերն ու համագործակցությունը, օգտվել միմյանց կարողություններից ու փորձից և շարունակել այս շարասյունը սերնդեսերունդ։
תגובות