Քաղաքագետների հայկական ասոցիացիան կլոր-սեղան քննարկում անցկացրեց
- Anews
- Nov 26, 2022
- 1 min read

Քաղաքագետների հայկական ասոցիացիան կլոր-սեղան քննարկում անցկացրեց: Քննարկման թեման Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման իրավական հարցերն էին։ Ներածական զեկուցմամբ հանդես եկավ Քաղաքագետների հայկական ասոցիացիայի համանախագահ, քաղաքագիտության թեկնածու Միհրան Շահզադեյանը, ով ներկայացրեց այն միջազգային փաստաթղթերը, որոնք կարգավորում են տրանսպորտային հաղորդակցության խնդիրները ողջ աշխարհում։ Կլոր սեղան-քննարկման մասնակիցները ներկայացրեցին սեփական տեսակետներն ու մոտեցումները այնպիսի հարցերում, ինչպիսիք են․ Հայաստան – Իրան, Հայաստան – Ռուսաստան, Ադրբեջան – Թուրքիա տրասպորտային հաղորդակցության ուղիների գործարկման դրական ու բացասական կողմերը, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական փոփոխությունները և դրանց ազդեցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության ու Արցախի խնդրի կարգավորման վրա։ Մտքերի փոխանակության արդյունքում քննարկման մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ տարբեր արդիական թեմաներով նմանատիպ քննարկումների շարքը հարկավոր է շարունակել, իսկ արդյունքները պետք է ներկայացնել տարբեր մակարդակներում որոշումներ կայացնողներին՝ առավել շրջահայաց դիրքորոշումներ որդեգրելու համար։
Քաղաքագետների հայկական ասոցիացիան իր գործունեությունը սկսել է 1990-ական թվականներից, սակայն պետական գրանցում ստացավ 2022 թվականին՝ համանախագահներ գիտ․ թեկնածու Միհրան Շահզադեյանի, գիտ․ դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթ․ անդամ Ալեքսանդր Մանասյանի և գիտ․ թեկնածու Ատոմ Մխիթարյանի նախաձեռնությամբ։

Comments