Պետության կողմից հատկացվող առանց այն էլ աղքատիկ գումարները չծախսելը կարելի է անվանել անգործություն
Այսօր Կառավարության հերթական նախագծով ԿԳՄՍ-ի բյուջեից 1 միլիարդ 133 միլիոն դրամ հետ ուղարկվեց կառավարության պահուստային ֆոնդ: Ստացվում է, որ ՀՀ կրթական, գիտական, մշակութային, սպորտային ոլորտներում այդ գումարն օգտագործելու կարիք չկա: Նկատենք, որ տարվա ավարտին կա դեռևս 4 ամիս: Այսինքն՝ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է այդ գումարի համարժեք ներդրումներ չանել ոլորտում: Սա այն դեպքում, երբ բուհերում ուսանողների թափուր տեղերը խթանելու մեծ խնդիր կա, մարզերում մի շարք դպրոցներ և մանկապարտեզներ նույնիսկ սեյսմիկ անվտանգության խնդիր ունեն, մշակութային մի շարք հաստատություններ՝ թանգարաններ, գրադարաններ հիմնանորոգման իրենց հերթին են սպասում, մարզադպրոցների, մարզասարքերի խնդիրներն էլ իրենց հերթին և այսպես շարունակ: Թեմայի վերաբերյալ Vesti.am զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ: - Պարո՛ն Մխիթարյան, գումարի հետ վերադարձն ինչի՞ մասին է խոսում: Մի՞թե օբյեկտիվորեն կրթության, գիտության ոլորտում այդ գումարը ծախսելու կարիք չկա: - Պետք է հասկանալ, թե որ գումարները չի ծախսվել, որ հետ է վերադարձվում, բայց, միաժամանակ պետք է ասել, որ դա անթույլատրելի է հատկապես կրթության ոլորտում, որն առանցքային նշանակություն ունի մեր երկրի համար: Պետության կողմից հատկացվող առանց այն էլ աղքատիկ գումարները չծախսելը կարելի է անվանել անգործություն, հանցագործություն: - Գումարները չօգտագործելը սխալ կառավարման արդյո՞ւնք է: - Այո, ֆինասները կառավարելը ևս կարևոր հմտություն է, որը պետք է ունենան այն մարդիկ, որոնք կարևոր որոշումներ են կայացնում: Ցավոք սրտի, մեզ մոտ կրթության բնագավառում որոշումներ կայացնողները, կրթության բնագավառում որևէ հետագիծ չունեն: Դա, իհարկե, նույնպես նվազեցնում է արդյունավետությունը: - Կառվարության նիստում ևս մեկ արձանագրում արվեց՝ կհիմնադրվի ակադեմիական քաղաք, որն ըստ վարչապետի՝ լինելու է Աշտարակում: Ի՞նչ խնդիրների կարող է դա բերել: - Խոսքը կարող է լինել շատ հեռավոր ապագային մասին: Վստահ եմ, եթե նույնիսկ Հայաստանում լինի այդպիսի քաղաք, այս կառավարությունն այդ ժամանակ չի լինի և պատասխանատվություն չի կրի այդ նախագիծը չիրագործելու համար: Վերջին ընդունելիության քննությունները ցույց տվեցին, որ բազմաթիվ բուհեր կարող են փակվել կամ միավորվել օպտիմալացման անվան տակ, և տեղափոխվել Երևանից դուրս՝ ամենայն հավնականությամբ Աշտարակ քաղաք: Չգիտեմ արդյունավետության տեսակետից ինչքան կլինի, բայց այդո՞ք արժի այդքան ֆինասներ ներդնել նոր ինչ-որ բան կառուցելու համար, եթե չենք կարողանում պահել արդեն իսկ գոյություն ունեցողները: - Ինքներդ խոսեցիք հաջորդ իշխանության մասին: Հնարավո՞ր է, որ այդ ժամանակ նաև այսքան թափուր տեղեր չլինեն և հիմա օպտիմալաման գնալուց հետո հետագայում նույնիսկ մասնաշենքերի խնդիր լինի: Օրինակ՝ դպրոցներում մի քանի հերթով են դասի գնում, նույնիսկ մայր բուհում նման խնդիր կա: - Սովորողների թիվն էապես կրճատվել է և դա հիմնականում պայմանավորված է արտագաղթով և մարզերի սոցիալական իրավիճակով: Մարզերում, սոցիալական պայմաններից ելնելով, չեն կարողանում իրենց երեխաներին ուղարկել մայրաքաղաք՝ կրթություն ստանալու: Խորդրդային միության վերջին տարիների հետ համեմատած սովորողների թիվը 2 անգամ կրճատվել է: Կառավարության առաջին քայլեից մեկը պիտի լինի սովորողների թիվը պատշաճ մակարդակում պահելը: - Այդ 1 մլրդ 133 մլն դրամն ինչպե՞ս կարելի էր ծախսել սովորողների թիվը մեծացնելու կամ այլ անհրաժեշտ և առաջնային խնդիր լուծելու համար: - Մեզ մոտ, հատկապես սահմանմերձ և բարձր լեռնային շրջաններում, ուսուցիչների խնդիր կա: Հայաստանում 100-ից ավելի դպրոցներում կան բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչների թափուր հաստիքներ: Անհրաժեշտ է ուղղակի բարձրացնել աշխատավարձը և մարդիկ կգնան ու կաշխատեն:
Comentarios