«Հրանտ Դինք» հիմնադրամն աջակցում է ակադեմիական համագործակցությանը
«Հրանտ Դինք» հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի տրամադրմամբ նպաստում է հարևան երկու երկրների գիտնականների, երիտասարդների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխայցելությունների և համատեղ ծրագրերի մշակմանը և կազմակերպմանը:
Հունվարի 2-ից 8-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյանը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը Հիմնադրամի աջակցությամբ հետազոտական այցով եղան Ստամբուլում, ուսումնասիրեցին Թուրքիայի բարձրագույն կրթության համակարգը, հանդիպեցին Բահչեշեհիրի համալսարանի Կրթության կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, բաժինների պատասխանատուների և բուհի զարգացման խորհրդական Մայքլ Քոքսի հետ: Ատոմ Մխիթարյանը մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը, հիմնական կառույցները, պետական քաղաքականությունը գիտության ու գիտական աստիճանաշնորհման բնագավառներում, Բոլոնիայի գործընթացի լույսի ներքո տեղի ունեցող հայեցակարգային բարեփոխումները:
«Արդյունավետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերեցինք առաջիկայում կազմակերպել ուսանողների և կրթության կառավարման մասնագետների փոխայցելություններ, համատեղ գիտական հետաքրքրությունների շրջանակում իրականացնել հետազոտություններ և արդյունքները հրապարակել գիտական հոդվածների տեսքով, ինչպես նաև գործակցել Եվրամիության «Էրազմուս պլյուս» ծրագրի շրջանակում»,- տեղեկացնում է Ատոմ Մխիթարյանը:
Աստղիկ Ավետիսյանն էլ ներկայացնելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը՝ համատեղ ուսումնասիրություններից բացի ԵՊՀ ժուռնալիստիկայի և Բահչեշեհիրի համալսարանի հաղորդակցության ֆակուլտետների միջև փոխայցելությունների և արդյունքում՝ համագործակցության այլ հնարավոր մեխանիզմներ են քննարկվել:
««Հրանտ Դինք» հիմնադրամի ընձեռած հնարավորությունների մասին շատերը չգիտեն: Ճամփորդական դրամաշնորհը հնարավորություն է տալիս այցելել և ծանոթանալ հարևան երկրի համալսարանների հնարավորություններին, գիտական ներուժին և համատեղ գիտական հետաքրքրությունների շրջանակում համագործակցության մեխանիզմներ մշակել»,- նշում է Աստղիկ Ավետիսյանը:
Պատվիրակները Ստամբուլում հանդիպեցին «Ակոսի» խմբագիր Եդվարդ Տանձիկյանի հետ, լրագրող Վարդուհի Բալյանն էլ ներկայացրեց խմբագրության աշխատանքներն ու հնարավորությունները:
Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ «Հրանտ Դինք» հիմնադրամում՝ «Սահմաններից վեր» ծրագրի համակարգող Նորայր Օլգարի և միջազգային ծրագրերի պատասխանատուների հետ: Այստեղ ևս համագործակցության հնարավորությունների մասին քննարկումներ եղան, Ա. Մխիթարյանն ու Ա. Ավետիսյանը պատմեցին Ստամբուլի ակադեմիական շրջանակների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ծանոթացան «Հրանտ Դինքի» նոր հրատարակություններին, առաջիկա նախաձեռնություններին: