Մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական կիրառման փուլ
«Որոնում-2018» համատեղ մարտավարա-մասնագիտական զորավարժության շրջանակում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական կիրառման փուլը:
Զորավարժության հրամանատարությանն են ներկայացվել պայմանական հակառակորդի գնահատման վերաբերյալ զեկույցներ: Գործողությունների պլանավորումից հետո ղեկավար կազմը հրահանգել է սկսել հետախուզական գործողությունները: Տվյալների փոխանցման «Իրբիս» ավտոմատացված համակարգի շնորհիվ զորավարժության ղեկավարման շտաբն իրականացրել է զորավարժարաններում զորքերի համաժամանակյա վերահսկողություն:
Զորավարժության առանձնահատկություններից մեկն այն է, որ ներգրավված անձնակազմի բոլոր գործնական քայլերն իրականացվում են սահմանափակ տեսանելիության պայմաններում: Երեկոյան ժամերին չորս տարբեր զորավարժարաններում միաժամանակ աշխատանքներ կիրականացնեն գիշերային տեսանելիության սարքերով համալրված միացյալ հետախուզական խմբերը:
Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի խառը հետախուզական խմբերը ռազմատրանսպորտային ավիացիայի ուժերով կտեղափոխվեն զորավարժարաններ: Կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողություններ, դեսանտավորման և մարտական կրակով մարտավարական դրվագներ լեռնային տեղանքում և գիշերային տեսանելիության պայմաններում: