Չեխիայում InYouS միջազգային ծրագրի մասնակիցները հրավիրեցին հանրույթի ուշադրությունը երիտասարդական աշ
Չեխիայում, Վլտավա գետի ափին գտնվող Տրհովկի ավանում InYouS երիտասարդական միջազգային ծրագրի մասնակիցներն իրականացրեցին ֆլեշմոբ, որով ընդգծեցին երիտասարդական աշխատողի և երիտասարդական աշխատանքի անհրաժեշտությունն ու կարևորությունը։
Երիտասարդական ակումբների դաշնությունը(FYCA.net) Եվրամիության Erasmus+ շրջանակում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Չեխիայում տասներեք եվրոպական երկրների գործընկերների հետ իրականացնում է երիտասարդական փոխանակության ծրագիր, որին մասնակցում են երիտասարդական հասարակական կազմակերպությունների13-ից 30 տարեկան ներկայացուցիչներ։
«Միջազգային երիտասարդական հետազոտություններ» (International Youth Studies #InYouS) կարողությունների զարգացման ծրագիրըերկարաժամկետ է և բաղկացած է 5 փուլից։ Առաջին փուլը՝ գիտաժողովի ձևաչափով, տեղի է ունեցել Հայաստանում, որտեղ մասնակցել են եվրոպական երկրների մի շարք ԲՈՒՀ-երի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գիտաժողովին ներկայացվել են երիտասարդական քաղաքականության, երիտասարդական աշխատանքի ուսումնասիրություններ և հետազոտություններ, մասնակից յուրաքանչյուր երկրի փորձը։ Երկրորդը ուսուցողական ծրագրի ձևաչափով իրականացվել է Վրաստանում, որտեղ վերապատրաստվել են երիտասարդական աշխատողներ և մշակվել ոչ ֆորմալ կրթության նոր գործիքներ, հեռավար ուսուցում իրականացնելու մոդուլներ, որոնցում համապարփակ տեղեկատվություն կա երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։
«InYous-ի երրորդ փուլն այսօր ավարտվում է Չեխիայում, որտեղ կիրարկվում են նախորդ հանդիպման ընթացքում մշակված մեթոդներն ու վարժանքները», տեղեկացնում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահության անդամ, երիտասարդական փոխանակության ծրագրի համակարգող Արման Գրիգորյանը։
«Մասնակից բոլոր երկրներն իրենց հետաքրքիր փորձն են փոխանցում, երիտասարդական աշխատանքի կարևորության նկատմամբ հասարակության ուշադրությունն են հրավիրում։ Կարծում եմ, եվրոպական բոլոր երկրներում երիտասարդական աշխատողն ու աշխատանքը պետք է հավուր պատշաճի գնահատվի։ Երիտասարդ սերունդն է նոր արժեքների կրողն ու տարածողը, ուստի նրանց կազմակերպվածությունըկարևոր է։ Ոչ ֆորմալ կրթության համապատասխան մեթոդների կիրառումը ստիպում է յուրաքանչյուր մասնակցի կարճ ժամանակահատվածում առավել շատ գիտելիք և հմտություն ստանալ»,- ասում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը։
Չեխիայում երիտասարդական փոխանակության ծրագրի շրջանակում մասնակիցները նաև հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց երկիրը, մշակույթը, կազմակերպությունն ու նախաձեռնությունները։ Ծրագրի վերջնարդյունքը կազմակերպող ֆլեշմոբն ու տեսանյութերի պատրաստումն է, որոնցով մասնակիցները պետք է ցույց տան երիտասարդական աշխատանքը հանրայնացնելու մեթոդներն ու ձևաչափերը, քարոզարշավներ իրականացնելու հմտությունները, ուղերձներն արդյունավետ թիրախային լսարանին հասցնելը։
InYouS ծրագրի համակարգող Դիանա Եղիազարյանն էլ տեղեկացրեց, որ հաջորդ փուլը, որը ևս երիտասարդական փոխանակության ծրագիր է, տեղի կունենա Ուկրաինայում՝ հոկտեմբերի վերջին։
Կարողությունների զարգացման նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդներին շփվել տարբեր երկրների իրենց հասակակիցների հետ, ստանալ գիտելիքներ և հմտություններ, ինքնադրսևորվել, դառնալ նախաձեռնող և իրականացնել հետաքրքիր գաղափարներ։
Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, որոնք լայն հնարավորություն են ընձեռում հայ երիտասարդների համար՝ փոխելով նրանց աշխարհայացքն ու մտածողությունը՝ դառնալ ճկուն և շարժունակ բոլոր իրավիճակներում, գտնել իրենց տեղն ու կարևորել իրենց դերը։
Աստղիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Չեխիա