Թրամփի «պատվիրած» զորահանդեսը չի կայանա՝ չափազանց ծախսատար լինելու պատճառով
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի «պատվիրած» զորահանդեսը, որը պետք է կայանար նոյեմբերին, հետաձգվել է առնվազն մեկ տարով, հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի խոսնակ, գնդապետ Ռոբ Մենինգը: Ինչպես նշում է Reuters-ը՝ քաջատեղյակ աղբյուրի հղումով, չեղարկման պատճառներից մեկը դրա՝ չափազանց ծախսատար լինելն է: Նշվում է, որ զորահանդեսը կարժենա ավելի քան 92 մլն դոլար, ինչը եռակի ավելի է Պենտագոնի նախատեսածից: Մինչդեռ Սպիտակ տնից ավելի վաղ հայտնել էին, որ զորահանդեսը կարժենա 10-30 մլն դոլար: Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփը, Փարիզում Բաստիլի գրավման օրվան նվիրված շքեղ զորահանդեսով ոգեշնչված, տարեսկզբին հայտարարել էր, որ նմանատիպ բան ուզում է անցկացնել նաև ԱՄՆ-ում: Նշվում է, որ Միացյալ Նահանգներում զորահանդեսները խիստ հազվադեպ բնույթ են կրում: 1991թ. տանկերն ու հազարավոր զինվորականներ քայլել են Վաշինգտոնի փողոցներով՝ տոնելով Քուվեյթից Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի զորքերի վտարումը: